Երեւանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների նախապատրաստման ընթացքին:
Շրջայցի շրջանակում քաղաքապետին նախ ներկայացվել են նոր ներկրված շուրջ 200 մեքենասարքավորումները, որոնք նախատեսված են ինչպես խոտ հնձելու, այնպես էլ տերեւներ հավաքելու համար: Կանաչ տարածքների պատշաճ խնամքն ապահովելու նպատակով դրանք առաջիկայում կհատկացվեն մայրաքաղաքի վարչական շրջաններին: Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար եւ ջերմատանն աճեցված եւս 1 մլն ծաղկասածիլներն ու շուրջ 150 հազար փիփերթները շուտով կտեղափոխվեն սիզամարգեր: Զեկուցվել է նաեւ, որ արդեն ավարտին է մոտենում վաղ գարնանից ծաղկած բազմերանգ շուրջ 600 հազար կակաչների ծաղկման շրջանը եւ շուտով կակաչների սոխուկները կտեղափոխվեն պահպանման՝ դրանք աշնանը կրկին վերատնկելու համար: Զեկուցվել է նաեւ, որ արդեն իսկ մեկնարկել են վարդի թփերի տնկման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում մայրաքաղաքի սիազամարգերը կզարդարեն շուրջ 40 հազար վարդեր: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Առանձնակի կարեւորելով մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել այդ ուղղությամբ. «Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր ջերմոցային տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ծաղկատեսակներ ու ծաղիկներ աճեցնել: Բացի այդ, մայրաքաղաքի կանաչապտման հարցում մենք համագործակցում ենք նաեւ մի շարք միջազգային կառույցների հետ եւ համոզված ենք, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք լուրջ արդյունքներ գրանցել բնապահպանության ոլորտում: Երեւանի զարգացման քառամյա ծրագրով առանձնակի կարեւորվել ենք նաեւ մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնումն ու վերականգնումը: 2014թ. մայրաքաղաքում կանցկացվի 23 կմ ոռոգման նոր ցանց, ինչը շուրջ 2.5 կմ-ով ավելի է նախորդ տարվանից: Եվ ես վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ոռոգման խնդիրը կհամարենք լուծված ու կանդրադառնանք բակային տարածքների ոռոգման համակարգերի կարգավորման խնդրին: Բազմիցս կոչ եմ արել, որ մեր համաքաղաքացիներն էլ անմիջական մասնակիցը դառնան մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերին եւ այս անգամ էլ, օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին, որ դառնան մեր գործընկերն ու ներկայացնեն իրենց առաջարկները, որոնք միասին կյանքի կոչելով էլ կունենանք մեր ավելի կանաչապատ ու գեղեցիկ Երեւանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Համակարգված եւ մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով էլ քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել Երեւանի բնակլիմայական պայմանները, տեղանքը եւ անհրաժեշտ այլ գործոններ: Ըստ այդմ, հանձնարարվել է նաեւ առանձնակի ուշադրություն դարձնել ծառատեսակներին ու ծաղկատեսակներին. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքն, իհարկե, ակնհայտ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղածով ու նույն եռանդով շարունակել աշխատանքները նաեւ այս տարի: Մեր եւ մեր համաքաղաքացիների ցանկությունը երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երեւանը վերականգնելն է, ու մենք պարտավոր ենք արդարացնել նրանց սպասելիքները: Ըստ այդմ, մենք պետք է չբավարարվենք ձեռք բերածով եւ համատեղ, թիմային աշխատանքի արդյունքում պետք է կրկնապատկենք ծավալներն ու, դրան զուգահեռ, նաեւ հետեւողական աշխատանքներ տանենք արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման մասով մենք իրոք զգալի աշխատանքներ ենք տանում, այդ թվում նաեւ նոր այգիների եւ պուրակների ստեղծման ուղղությամբ: Ընթացիկ տարում մենք մեր բնակիչների տնօրինմանը կհանձնենք եւս 10 նոր այգիներ եւ շուրջ 600 բակեր: Բացի այդ, այսօր մենք ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկում ենք նաեւ Երեւանի անտառագոտիների վերականգնման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, որոնք, համոզված եմ, հնարավորին արագ կյանքի կկոչենք», - նշել է քաղաքապետը:
Ի դեպ, Երեւանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, գարնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 30 հազար ծառ եւ թուփ: 2014 թվականի կանաչապատման ծրագրերի ընթացքում էլ նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսը ընդհանուր առմամբ հասցնել 850.0 հա-ի:




























