«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է որոշ քաղաքացիների անկշտության մասին օրենք ընդունել: Այսօր` ապրիլի 29-ին նման բովանդակությամբ հայտարարություն է հնչեցրել կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Նորահայտ ընդդիմադիրը նաեւ ընդգծել է, որ իրենց համար այսուհետ առաջնային է լինելու անձրեւից հետո սնկի նման աճող անարդարության դեմ պայքարը: «Մենք անընդունելի ենք համարում հարուստներին «շքեղության հարկից» ազատելու առաջարկը: Բացի այդ, 25 մլն դրամից բարձր արժողությամբ մեքենաներ ունեցող քաղաքացիները պետք է ոչ միայն մեքենաների համար «շքեղության հարկ» վճարեն, այլ նաեւ` վիլլաների ու առանձնատների: Նրանք պետք է ավելի շատ հարկեր վճարեն, քան հասարակ քաղաքացիները»,- համոզմունք է հայտնել պատգամավորը:

ՕԵԿ-ականը նաեւ գտնում է, որ, ընդդիմության շարքերն անցնելու արդյունքում, իրենց կուսակցության դեմ սեւ PR է պատվիրվել:

Նշենք, որ օրերս կուսակցութան առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ «Հայասա» ընկերության հիմնադիրն է հանդիսանում: Բացի այդ, կուսակցապետին են պատկանում նաեւ թանկարժեք «Բենթլի» եւ «BMW X5» մակնիշի ավտոմեքենաներ: