ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում վկայում է այն մասին, որ հենց Վաշինգթոնն է սկզբնապես կառավարել տվյալ ճգնաժամը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ սկզբում Միացյալ Նահանգները գերադասեցին ստվերում մնալ, եւ ինչ-որ չափով եվրոպացի ու ամերիկյան գործընկներների շահերը համընկնում էին: «Այժմ Նահանգները ճգնաժամի կարգավորման առաջին դիրքերում են, եւ սա վկայում է այն մասին, որ սկզբնապես իրենք էին գործընթացը զարգացնում: Պարզապես այժմ նրանք առաջնորդների դերում հանդես եկան»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ ընդգծել է Կիեւի իշխանության եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչների միջեւ երկխոսություն հաստատելու անհրաժեշտության մասին: «Հարկավոր է, որպեսզի բոլոր հակամարտող կողմերը բանակցությունների սեղանի շուրջ նստեն, հարգանքով վերաբերվեն ժնեւյան համաձայնություններին: Սա նշանակում է, որ Կիեւի իշխանությունները պետք է ազատ արձակեն այն մարդկանց, որոնց Ուկրաինայի ժողովուրդը վստահում է, ընտրում որպես առաջնորդ, պետք է սկսել ուղիղ երկխոսություն, պետք է զինաթափել արմատականներին, ազատել բոլոր շենքերն ու հավասարապես վերաբերվել բոլոր նրանց օրինական իրավունքներին, ովքեր ապրում են այլ տարածքներում, առաջին հերթին նկատի ունեմ արեւելքն ու հարավ - արեւելքը, հասնել երկխոսության եւ փոխզիջման», - Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարկանդակներ Մայդանում. ահա դրանք են հարթել ճանապարհը դեպի ճգնաճամ, լուրջ իրավիճակ է ստեղծվել եւ պետք է լուծման լուրջ մոտեցումներ գտնել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների երկորդ փաթեթին՝ Պուտինը նշել է, որ Ուկրաինայում կատարվածի ու Ռուսաստանի միջեւ պատճառահետեւանքային որեւէ կապ չկա: Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսական զորքեր ու ռազմական հրահանգիչներ չկան:



























