ԱՊՀ երկրների ղեկավարները` 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանը ուղերձ են հղել, որում մասնավորապես ասվում է.
«2010 թվականի մայիսի 9-ին ԱՊՀերկրների ժողովուրդները տոնում են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-րդ տարեդարձը: Լարվածությամբ ու դաժանությամբ աննախադեպ այս պատերազմում Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդը և նրա Զինված ուժերը պաշտպանեցին իրենց Հայրենիքի ազատությունն ու անկախությանը` աշխարհի բազմաթիվ երկրները զերծ պահելով ֆաշիստական ստրկացումից:
Տարիների ընթացքում չի խամրում մեր ժողովուրդների կողմից իրագործած սխրանքի վսեմությունը: Որքան շատ ժամանակ է բաժանում մեզ այդ իրադարձությունից, այնքան ավելի պարզ է գիտակցվում ապագայի իրավունքը պաշտպանած Հաղթանակի զինվորների պատմական առաքելության նշանակությունը: Դիմելով Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանը, մենք այսօր մեր պետություններում ապրող վետերաններին ասում ենք „Շնորհակալություն“: Մենք կոչ ենք անում ոչ միայն խոսքով, այլև գործով հարգանքի տուրք մատուցել հաղթած հերոսներին, առօրյա խնամք և ուշադրություն ցուցաբերել պատերազմի մասնակիցներին և թիկունքի աշխատավորներին, նրանց համար ստեղծել կյանքի արժանավայել պայմաններ:
Հաղթանակը մենք չենք բաժանում անձնականի և օտարի, միշտ արժանին ենք հատուցում նրանց քաջությանը, ովքեր դիմագրավեցին նացիզմին: Մենք հիշում ենք հակահիտլերյան կոալիցիայի մեր դաշնակիցների ներդրումը Հաղթանակի գործում, նրանց կողմից ցուցաբերված օգնության մասին: Սակայն, առավել մասշտաբային և, վերջին հաշվով, գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան խորհրդա-գերմանական ճակատում:
Հաշվի առնելով, որ մեր պետությունների ժողովուրդները վճռական ներդրում են ունեցել Հաղթանակի նվաճման գործում, մենք կոչ ենք անում մատաղ սերնդի մոտ դաստիարակել հպարտության զգացում հերոսական պատմության և ֆաշիզմի դեմ պայքարում մեծ սխրանքի նկատմամբ:
Հաստատելով մեր նվիրվածությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին ու նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին և Հելսինկյան եզրափակիչ ակտին, մենք կոչ ենք անում անվտանգության և կայունության ամրապնդման գործում ակտիվ փոխգործակցությանն աշխարհում, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի ծավալմանը, առկա ընհարումների խաղաղ քաղաքական կարգավորմանը և հնարավոր ընդհարումների կանխարգելմանը»:



























