2013թ. ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը բյուջետային ծախսերում 1 մլրդ 274 մլն դրամի չափով խախտումներ է բացահայտել: Այս մասին այսօր` ՀՀ կառվարության ապրիլի 30-ի նիստին հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ հոդվածների վերաձեւակերպվել են նաեւ 1 մլրդ 125 մլն դրամի չափով ծախսեր:
Հիշյալ 1 մլրդ 274 մլն դրամից 516 մլն դրամը պետբյուջե է վերադարձվել, 745 մլն դրամը 2014թ. ֆինանսավորումից կպահվի, եւս 12,5 մլն դրամ վերականգնվել է կազմակերպությունների հաշվին:
Ստուգումներն իրականացվել են ԱԻ, կրթության եւ գիտության նախարարություններում, երկու հարկային տեսչություններում եւ մեկ մաքսատանը: Ստուգումների են ենթարկվել նաեւ Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի վարչակազմերը:
Ստուգումների արդյունքում ՀՀ Գլխավոր դատախազությունը 5 քրեական գործ է հարուցել պաշտոնատար անձանց նկատմամբ:
Վերջին տարիներին ստուգումների շրջանակում բացահայտված խախտումների ծավալը զգալիորեն աճել է: Եթե 2008թ. այն 360 հազար դրամ էր կազմում, 2011թ.` 20,6 մլն, ապա 2012թ. արդեն 1 մլրդ 349 մլն դրամ էր:



























