Հայաստանի կառավարությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նոր հատվածի շինարարության նախագծերի ուսումնասիրության համար փորձագիտական հանձնաժողով կձեւավորի: Այս մասին որոշում է ընդունվել կառավարության ապրիլի 30-ի նիստի ընթացքում: Հանձնաժողովը կուսումնասիրի Թալին-Գյումրի հատվածին (Ասիական զարգացման բանկի գլխավորությամբ իրականացվող միջազգային ծրագրով նախատեսված երրորդ վարկային տրանշ) վերաբերող նախագծերը: Այդ հատվածում մայրուղին պետք է ասֆալտայինից բետոնայինի վերածվի եւ ներկայիս երթեւեկության երկու գոտիների փոխարեն չորսը ունենա:

Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը, իսկ անդամների շարքում կլինեն քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ մշակույթի փոխնախարարներ Ռուզան Ալավերդյանը, Լեւոն Շահվերդյանը եւ Արեւ Սամուելյանը, մի շարք այլ պետական հաստատությունների ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է 967 մլն ԱՄՆ դոլար կազմի, որից 500 մլն դոլարը Ասիական զարգացման բանկը կտրամադրի: Միջոցները պետք է մինչեւ 2017թ. տրամադրվեն: Մայրուղին, գործող ճանապարհների վերակառուցմամբ, Իրանի հետ սահմանից մինչեւ հայ-վրացական սահման է ձգվելու (Մեղրի-Բավրա):