Ֆինանսների նոր նախարար Գագիկ Խաչատրյանը առայժմ չպատասխանեց ֆիննախի եւ ՊԵԿ-ի միավորման մասին հարցին: Խորհրդարանում ի պատասխան լրագրողների համապատասխան հարցի՝ նա նշեց, որ հարկավոր է սպասել կառավարության կողմից ընդունվելիք նորմատիվային փաստաթղթերին:

Հարցին՝ սպասվում են արդյոք փոփոխություններ ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունում, Խաչատրյանը պատասխանել է. «Իհարկե, սպասվում են: Ամեն ինչ հայտնի կդառնա իր ժամանակին»:

Հիշեցնենք,  ապրիլի 26-ին Գագիկ Խաչատրյանը նշանակվել էր ՀՀ ֆինանսների նախարար: Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է  հարկային համակարգում: 2001-08թթ. Խաչատրյանը եղել է Մաքսային պետական կոմիտեի պետի տեղակալ: 2008թ.  նշանակվել էր Կոմիտեի պետ, նույն տարում՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, որը միավորում է Մաքսային կոմիտեն ու հարկային ծառայությունը: