Շիրակի մարզի ոչ բոլոր բնակելի տներն են բավարար վիճակում: Խորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին:

Վարչապետի խոսքով, կառավարությունում արդեն քննարկումներ են եղել մարզի բնակելի տների ոչ բավարար վիճակի վերաբերյալ: «Արդյունքներից այնքան էլ գոհ չեմ»- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Նա հիշեցրել է, որ 2008թ.-ից ի վեր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, 1988թ. երկրաշարժի գոտում բնակտարածքների շինարարությանը ավելի քան 80 մլրդ դրամ է ուղղվել: 2014թ. այդ նպատակով եւս 1 մլրդ 60 մլն դրամ կհատկացվի: «Ես ժամանակ կգտնեմ` խնդրահարույց շենքեր այցելելու համար եւ կխոսեմ բնակիչների հետ` հասկանալու համար հասարակության դժգոհության պատճառները եւ լուծում տալու այդ հարցին»,- հայտարարել է վարչապետը: