Ասկերանից «Ազգային վերածնունդ» կուսակցությանն ահազանգել են, որ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ապամոնտաժում է Թարթառ գետի Ասկերան քաղաքով անցնող հատվածի ջրապատնեշի երկաթբետոնե սալերը եւ շինանյութն օգտագործում սեփական շինության կառուցման նպատակով:
«Ազգային վերածնունդ» կուսակցության հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.
«Շրջանի ղեկավարը կուսակցության նախագահի հետ հեռախոսազրուցում հաստատեց, որ ջրապատնեշի համար դրված սալերից «մի քանի հատ» վերցրել են՝ պատճառաբանելով, որ ջրապատնեշը փլուզվում է եւ մի քանի հատ էլ իրենք են վերցրել: Կուսակցությանը տրված լուսանկարները փաստում են, որ Ս.Գրիգորյանի վերցրած սալերն առնվազն մի քանի տասնյակ հատ են:
Համաձայն Նախիջեւանիկ գյուղի բնակիչների՝ Ասկերանի վարչակազմի ներկայիս ղեկավարն աչքի է ընկել տարբեր ենթակառուցվածքների ապամոնտաժման նկատմամբ սիրով: 2003թ., Սերգեյ Գրիգորյանը, լինելով Ասկերանի ոստիկանապետ, համաձայն Նախիջեւանիկի բնակիչների, ապամոնտաժել եւ գյուղից տարել է պոմպակայանին ծառայող մոտ 3 կմ-ոց ջրագիծը»:




























