Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումն ուղղված է բնակչության եկամուտների օրինականացնմանը, սակայն հակառակն է ստացվել՝ աշխատավարձերը ստվերում են մնում, մայիսի 1-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ գործատուների միության տնօրեն Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ շատ աշխատողներ իրենք են գործատուներից խնդրում չգրանցել իրենց աշխատավարձը՝ կենսաթոշակային վճարումներ չկատարելու համար: «Անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանում սոցիալական վիճակն այնպիսին է, որ քաղաքացիները պատրաստ են հրաժարվել նաեւ աշխատանքային փորձ կուտակելուց, միայն թե այժմ աշխատավարձն ստանան ամբողջությամբ», - հայտարարել է Մակարյանը: Այդ պատճառով էլ կենսաթոշակային կուտակային համակարգը Հայաստանի համար վաղաժամ է, հավելել է նա:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ էր մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ըստ որի՝ քաղաքացիները պետք է վաշխատավարձերի 5%-ը փոխանցեն կուտակային հիմնադրամներին (500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 10%):
Ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ Սահմանադրությանը չհամապատասխանող էր ճանաչել եւ մինչեւ սեպտեմների 30-ը օրենսդրությունը փոխելու պահանջ ներկայացրել: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը հայտարարել էր հիշյալ վճարումները ժամանակավորապես կամավոր սկզբունքով թողնելու եւ մինչ նշված վերջնաժամկետը նոր օրինագիծ մշակելու պատրաստակամության մասին:



























