Հայաստանի հարկային ծառայությունն, ըստ էության, թույլ է տալիս կազմել ոչ հավաստի հարկային հաշվետվություններ: Այս մասին ասվում է Հայաստանի աուդիտորների եւ հաշվապահների ասոցիացիայի հայտարարությունում, որը կազմվել է «Այլընտրանքային ստուգումների մասին» օրինագծի քննարկման արդյունքում: Նոր օրինագիծն առաջարկում է ՊԵԿ-ի կողմից վճարովի կարգով ստուգել հարկային հաշվետվությունները:
Այդ հաշվետվություններում խախտումների հայտնաբերումն ու հարկերից խուսափումը այս դեպքում չեն պատժվի, սակայն ժամկետանց հարկային պարտավորությունները պետք է բյուջե վճարվեն ուժացման տուգանքների հետ միասին:
Ասոցիացիայի կարծիքով՝ փող աշխատելու ՊԵԿ-ի ցանկությունը կարող է հաղթահարել բարեխիղճ ստուգումներ իրականացնելու պարտականությունը, քանի որ ՊԵԿ-ը դժվար թե վերստուգել ու գտնի ինքն իր սխալները: Իսկ բիզնեսի համար ճիշտ եւ հստակ հարկային հաշվետվություններ կազմելու պրակտիկան կորցնում է իմաստը. բավական է ճիշտ ժամանակին հարկային ստուգում պատվիրել ՊԵԿ-ում: Թե որքանով այն ճիշտ կլինի, դրա համար պետք չի անհանգստանալ:
Բացի այդ, պետությունը մրցակցության մեջ է մտնում ֆինանսական քոնսալթինգային եւ հաշվապահական հաշվառման ոլորտի ընկերությունների հետ, ընդ որւմ, իր համար հարմար պայմաններով, քանի որ պատվիրատուներին առավել բարձր երաշխիքներ է տալիս:
Թեեւ օրինագծի բացատրության մեջ նշվում է, որ այլընտրանքային ստուգումը կարող է փոխարինել պարտադիր աուդիտին, բայց դա բացարձակապես այդպես չէ, նշում է ասոցիացիան: «Այդ երկու գործիքների նպատակներն ու կիրառման ոլորտները տարբեր են: Իսկ աուդիտի չեղյալ հայտարարումը հակասում է Մաքսային միության պրակտիկային, որտեղ Հայաստանը մտադիր է մտնել»,-նշել են Ասոցիացիայում:




























