Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան դեմ է խոշոր ընկերություննների համար պարտադիր աուդիտի վերացմանը, NEWS.am-ի թղթակցին ասել է Ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանը՝ մեկնաբանելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունը, որը հավանություն էր ստացել ՀՀ կառավարության ապրիլի 23-ի նիստում: Օրինագիծը ներկայացրել էր ՊԵԿ-ի այն ժամանակվա նախագահ, ներկայումս՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Հայաստանում խոշոր ընկերությունները, որոնց համար պարտադիր է աուդիտը, 1 միլիարդ դրամ եւ ավելի եկամուտ ունեցող ձեռնարկություններն են: Նրանք պետք է ներկայացնեն տվյալ տարվա անկախ աուդիտորական եզրակացությունը մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ը, այլապես կզրկվեն պետգնումներին մասնակցելու իրավունքից: Այս օրենքը սկսել էր գործել 2011թ.-ից, ընդ որում՝ այն ակտիվ քարոզվում էր կառավարության կողմից: Հետեւաբար անհասկանալի է նոր կառավարության հետադարձ քայլի փորձը:
Ըստ Չիլինգարյանի՝ Ասոցիացիան պատրաստվում է իր դիրքորոշումը հայտնել ՀՀ խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովում, ուր եւ ներկայացվել է օրինագիծը: «Արտաքին աուդիտը պարտադիր է, որպեսզի բիզնեսը թափանցիկ լինի արտաքին գործընկերների համար՝ նրառյալ բանկերը եւ ներդրողներին: Այդ պատճառով էլ մենք հանդես կգանք ընդդեմ պարտադիր աուդիտի վերացման», - հայտարարել է Չիլինգարյանը:




























