«Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնն արձագանքել է տեղեկությանը, որ առեւտրի կենտրոնի բազմաթիվ խանութ-սրահներում աշխատանքի ընդունված վաճառողներն ու վաճառողուհիներն աշխատանքից դուրս են գալիս, քանի որ տնօրինությունն աշխատավարձերի մասով չի կատարում նախնական պայմանավորվածությունը։

«Երեւան Մոլ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջւ ասվում է.

«Ի պատասխան այսօր, մայիսի 1-ին Երեւան Մոլի մասին մամուլում տեղ գտած հայտարարությանը, Երեւան Մոլի հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է «Երեւան Մոլը» սկսել է իր գործունեությունը 2 ամիս առաջ, եւ այսօր արդեն վայելում է իր հավատարիմ հաճախորդների սերն ու վստահությունը։ Իր կարճ գործունեության ընթացքում առեւտրաժամանցային կենտրոնը ստեղծել է ավելի քան 1000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն, սակայն մոլում տեղակայված ավելի քան 100 խանութներն ու սպասարկման կետերը, որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ,  իրենք են տնօրինում իրենց կադրային քաղաքականությունը, եւ մոլը իրավասու չէ միջամտել վերջիններիս գործունեությանը։ «Երեւան Մոլը» իհարկե դրական չի վերաբերվում կադրային հոսունության հարցին, եւ ներդրել է բոլոր միջոցները բարենպաստ եւ հարմարավետ աշխատանքային միջավայր ապահովելու համար»:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր. «Վերջերս բացված «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի աշխատանքներն այնքան էլ լավ չեն ընթանում։  Առեւտրի կենտրոնում տեղակայված բազմաթիվ խանութ-սրահներում աշխատանքի ընդունված վաճառողներն ու վաճառողուհիներն աշխատանքից դուրս են գալիս, քանի որ տնօրինությունն աշխատավարձերի մասով չի կատարում նախնական պայմանավորվածությունը։

Աշխատակիցներից մեկը, որ նույնպես դուրս էր եկել աշխատանքից, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ աշխատանքի ընդունվելուց եղել է պայմանավորվածություն, որ ստանալու է 150 հազար դրամ, սակայն օրերս իրեն եւ բազմաթիիվ այլ աշխատակիցների տեղեկացրել են, որ աշխատավարձն իջեցվել է 110-100 հազարի սահմաններում՝ պատճառաբանելով, որ առեւտուր չկա»: