«Հալյալ» ստանդարտի միս տեսականորեն կարելի է նաեւ Հայաստանում արտադրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել սերտիֆիկացման եւ ստանդարտացման «Հալյալ» եվրասիական իսլամական կենտրոնի ներկայացուցիչ Աբդեսսալամ Ռհաազան: Նրա խոսքով, եթե Հայաստանը նպատակ ունի իր սննդային արդյունաբերության մեջ HACCP-ի ստանդարտները ներդնել, ապա դրանք տեխնիկական մասով գրեթե համընկնում են  «Հալյալ»-ի հետ: «Որոշ ընթացակարգային տարբերություններ, իհարկե, կան, բայց եթե տեխնիկական կողմի մասին ենք խոսում, ապա HACCP-ի հետ տարբերություններն աննշան փոքր են»,- նշել է Ռհազան` հավելելով, որ յուրաքանչյուր երկիր էլ իր առանձնահատուկ պահանջներն ունի, բայց գլխավոր հարցի շուրջ դրանք նմանատիպ են:

Փորձագետի գնահատմամբ, կարեւորը անկախ փորձագիտական ընկերությունների հետ աշխատանքն է, քանի որ մահմեդական ներմուծող-երկրները հետեւում են, որ սերտիֆիկացնող ընկերությունները ֆինանսական բնույթի մոտիվացիոն կախվածություն չունենան արտադրողից:

Նշենք, որ «Հալյալ» մսամթերքներ Հայաստանում դեռեւս չեն արտադրվում: Ճիշտ է` հանրապետության տարածքում երկու «հալյալային» սպանդանոցներ կան` Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, բայց երկու դեպքում էլ միսն անմիջապես արտահանվում է, հիմնականում` Իրան: