Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար Հայաստանի 1000 խոշոր հարկատուների հերթական ցուցակը առանձնացավ հետաքրքիր մանրամասնով: «Օնիրա Քլաբ»(«Onira Club») ՍՊԸ-ն, որը գտնվում է Կոտայքի մարզի Վերին Պտղնի հասցեում, 999-րդ հորիզոնականից բարձրացել է 18-րդ հորիզոնական:

Նոր կազինոն, ըստ վճարած հարկերի եւ տուրքերի, առաջ է անցել շատ ձեռնարկություններից, ինչպես նաեւ Հայաստանի գրեթե բոլոր կոմերցիոն բանկերից(բացառությամբ «ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկից»): Տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել ցուցակի վերին տողերում նման հաստատության գտնվելու փաստը: Սակայն այս ոլորտում շատ ավելի լուրջ խնդիրներ կան:

Հաշվետու ժամանակահատվածում հարկերից եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտը տարվա կտրվածքով կազմել է 3.9 մլրդ դրամ: Ընդ որում 1000 «խոշորագույն» ընկերությունների վճարած հարկերի աճը կազմել է 8.0 մլրդ դրամ: Բանն այն է, որ 4.2 մլրդ դրամով կրճատվել են հարկային մուտքերն այլ հարկատուների կողմից:

Արդյունքում պետբյուջեի հարկային մուտքերում «խոշոր» բիզնեսի տոկոսաբաժինը տարվա ընթացքում աճել է 2.4 տոկոսային կետով՝ արդյունքում կազմելով 68.9 տոկոս: Եթե պայմանականորեն ընդունենք, որ այդ գումարը որոշակի չափով համաչափ է եկամուտների մեծությանը, ստացվում է, որ փոքր եւ միջին բիզնեսը զիջում է խոշոր բիզնեսին: Այսինքն տնտեսության կենտրոնացումը շարունակվում է՝ չնայած կառավարության հայտարարությանը փոքր եւ միջին բիզնեսի աջակցության վերաբերյալ:

«Խոշոր» հարկատուների ցուցակում մեծամասնությունն այնքան էլ խոշոր չէ, եւ այդ ցանկում են ձեւականորեն: Կոմերցիոն ընկերությունների բեւեռացումն ըստ վճարած հարկերի, իրականում հսկայական է: «Խոշոր» 1000 հարկատուների վճարած գումարների կեսը պատկանում է 50 ընկերության: Իսկ ահա մյուս կեսը բաշխվում է 950 ընկերությունների միջեւ:

«Գազպրոմ Արմենիան» հաշվետու եռամսյակում վճարելով ավելի քան 17,7 մլրդ դրամի հարկ, կրկին գլխավորել է խոշոր հարկատուների ցուցակը: Հասկանալի է, որ մենաշնորհ ունեցող ընկերության եկամուտների աճին նպաստել է նախորդ տարվա հուլիսին բնական գազի սակագնի բարձրացումը: Արդյունքում այս եռամսյակում այս ընկերության վճարած հարկերը 1000 խոշոր հարկատուների ընդհանուր հարկերի 11,5 տոկոսն են կազմել: Նույնքան հարկ են վճարել ցանկի վերջին հորիզոնականներում տեղ զբաղեցրած 540 ընկերությունները միասին վերցրած:

Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» ընթացիկ եռամսյակում բյուջե է վճարել մոտ 5,2 մլրդ դրամի հարկ: Այդ գումարից 4,6 մլրդ-ը (ավելի քան 88 տոկոսը) ընկերությունից գանձվել է մաքսատանը, ինչը ցույց է տալիս հայտնի պատգամավորի բիզնեսի ուղղվածությունը:

Ցանկում հեղափոխական փոփոխություններ չկան, բացառությամբ վերը նշված կազինոն: Ինչպես նախորդ եռամսյակում, վարկանիշը գլխավորում են խոշոր ներմուծողները, հեռահաղորդակցության ընկերությունները, նավթային ընկերությունները, հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները: Հայրենական վերամշակող արդյունաբերությունը, ավանդաբար ցանկի վերին հորիզոնականներում ներկայացված է երկու ծխախոտային ֆաբրիկաներով եւ Երեւանի կոնյակի  գործարանով:

Սմբատ Գրիգորյան