«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նպատակին հասավ. Կառավարություն է բերել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերին: Կառավարության նոր կազմի մասին NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Նոր կառավարությունը ոչ մի դրական փոփոխություն չի բերի, քանի որ վարչապետը չի կատարում կարեւորագույն տնտեսական բարեփոխումները: Հովիկ Աբրահամյանն այնքան մասնագիտական, տեսական պատրաստվածություն չունի, որ կարողանա մտածված տնտեսական քաղաքականություն վարել: Բացի դրանից, նա ոչ մի ծրագրային դրույթ չի ներկայացնում: Ոչ մի ակնկալիք չունեմ, հատկապես որ իշխանության են եկել ԲՀԿ-ի մարդիկ, այսինքն Քոչարյանի կադրերը»,- ասաց նա:
Հայաստանի գլխավոր մարքսիստը համոզված է, որ նոր կառավարությունը հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե Սահմանադրությամբ մտցվի տնտեսական բլոկ, որն առաջարկում է հենց իրենց կուսակցությունը:
Նշենք, որ «հրաշալի քառյակը», մասնավորապես ԲՀԿ-ն դեռ մարտի կեսերին հայտարարեց, որ ապրիլի 28-ին խորհրդարանում պահանջելու է կառավարության հրաժարականը: Այնուամենայնիվ, քառյակին դա անել չհաջողվեց, քանի որ ապրիլի սկզբին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ նոր վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, որի նշանակումից հետո քառյակը չի շտապում կոշտ գնահատականներ տալ: Ըստ քաղաքական վերլուծաբանների` ԲՀԿ-ն հենց այս փոփոխությունն էր ուզում, դա է պատճառը, որ այժմ լռում է:




























