Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի, Եվրոպայի եւ միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկներին եւ նրանց մարզիչներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի մարզիկներին՝ ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք բարձր կպահեն մեր երկրի մարզական պատիվը եւ արժանիորեն կշարունակեն ու կբազմապատկեն մեր ժողովրդի հաղթանակները:

Հանդիպման վերջում Նախագահը դրամական պարգեւներ է հանձնել հաղթանակ տարած մարզիկներին ու նրանց մարզիչներին եւ նշել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են աջակցել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը՝ դրանով իսկ խթանելով այդ բնագավառներում ավելի բարձր արդյունքների հասնելու գործընթացը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: