12 ամսվա ընթացքում (2013թ. ապրիլից 2014թ. ապրիլ) կաթնամթերքը Հայաստանում թանկացել է 11,5%-ով, իսկ 2014թ. մարտի համեմատ՝ 2,1%-ով: Այս մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա` կաթնամթերքից հիմնականում թանկացել է տնական պանիրը` 5,9%-ով: Թանկացել են նաեւ «Լոռի» եւ «Չեդդեր» գործարանային պանիրները` 0,3% եւ 0,8%, ինչպես նաեւ կեֆիրը` 1,9%-ով:
Կենդանական եւ բուսական յուղերը 12 ամսվա ընթացքում թանկացել են 6,0%-ով, սակայն վերջի ամսվա ընթացքում` էժանացել 0,7%-ով, հիմնականում բուսական յուղի 2,5%-ով էժանանալու հետեւանքով: 0,1 – 0,2%-ով էժանացել են թեյն ու սուրճը, ձկնամթերքը:
Նշենք, որ այդպիսով կաթնամթերքի, ձկնամթերքի եւ մսային պահածոների եւ մի շարք այլ ապրանքների վրա դրվող պարտադիր դրոշմակնիքները, որոնք ուժի մեջ են մտել 2014 թ. ապրիլի 1-ից, դեռ չեն դարձել այդ ապրանքների թանկացման պատճառ, ինչպես որ 2013 թ. հուլիսին գարեջրի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների դեպքում էր: Կառավարությունը դրոշմկնիքներով ծրագրում է ապահովել շրջանառության օրինականությունը:
Պարտադիր կնիքի վերաբերյալ պահանջը տարածվում է կաթի եւ կաթնամթերքի, թեյի եւ սուրճի, ձկան եւ ձկնամթերքի, բուսական յուղի, մրգային եւ բանջարեղենային պահածոների, ջեմերի, պաղպաղակի, օծանելիքի եւ օճառի վրա:
Մինչեւ ապրիլի 1- ն արտադրված առանց դրոշմակնիքների ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2014թ. հուլիսի 30-ը:




























