Մայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ գագաթաժողով է մեկնարկել:
Ելույթ ունենալով միջոցառմանը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդգծել է, որ «Թբիլիսյան գագաթաժողով 2014»-ի ընթացքում կողմերը մանրամասն քննարկելու են համատեղ իրականացվող ծրագրերը` այդ թվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, հաղորդում է Georgia online-ը:
«Այդ ծրագրերը կարեւոր են ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ` գլոբալ առումներով: Մենք բոլորս գիտակցում ենք այդ գլոբալ նախագծերի կարեւորությունը, եւ մեր երեք երկրները ջանք չեն խնայում Հարավային Կովկասում անվտանգության ու կայանության ապահովման համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Մենք կովկասյան բարձր լեռները բաժանարար պատ չենք համարում, ընդհակառակը` դրանք բոլորիս միավորող ճանապարհ ենք դարձրել»,- հավելել է Գյուլը:
Նրա խոսքով, ընթացիկ գագաթաժողովը Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բազմակողմանի եւ կառուցողական համագործակցության եւս մեկ ապացույց է հանդիսանում: Նախագահի գնահատմամբ, 2007թ. նոր նախագծի ներկայացմամբ երեք երկրների միջեւ համագործակցության նոր փուլ է սկսվել: Այդ պահից ի վեր տարբեր նախարարությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպումները պարբերական բնույթ են կրում:
Գյուլը նաեւ հույս է հայտնել, որ հետագայում եւս նմանատիպ բարձր մակարդակով եռակողմ հանդիպումներ կանցկացվեն:


























