«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը ներկրվող հավի միսն ընդունում է ավելի շահավետ պայմաններով, քան տեղականը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայաստանում թռչնաբուծության բնագավառի ներկայացուցիչները: Խնդրել են անհայտ մնալ, քանի որ սուպերմարկետների ցանցը կարող է բարդացնել իրենց ապրանքի ընդունման գործընթացը:

Թռչնաբույծների խոսքով՝ ներկրվող հավի մսի հավելյալ գինը 50-100 դրամ է կիլոգրամի դիմաց, իսկ տեղականի դեպքում՝ 200-300 դրամ, թեեւ հայկան հավն առանց այդ էլ ինքնարժեքում զիջում է բրազիլականին: «Հասկանալի է, որ «Սիթիի» սեփականատերը ցանկանում է շահավետ վաճառել ներկրվող հավերը, որոնք ինքն էլ ներկրում: Սակայն մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Որպես առեւտրական գործընկեր՝ «Սիթին» խոշոր ու հուսալի է, այստեղ առարկություն լինել չի կարող: Սակայն ասես որեւէ հակադարձ բան, կկորցնես շուկան»,- հավելել է նա:

«Երեւան Սիթիի» մարքեթինգի ծառայությունում նշել են, որ այս մասին վկայություններն ավելի ճիշտ կլինի ճշտել ցանցի առանձին խանութներում: