ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում արտադրված պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 87.6%-ով և կազմել 29 155 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 13.5%-ով և կազմել 1538 տոննա:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 27 508 տոննա պղնձի հանքաքար և խտահանք: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սույն ցուցանիշն աճել է 52%-ով, իսկ մաքսային արժեքն աճել է 603.8%-ով և կազմել 37.15 միլիոն դոլար:
Նկատենք, որ այս աճը պայմանավորված է միջազգային շուկայում հանքանյութերի, մասնավորապես՝ պղնձի գների կտրուկ բարձրացմամբ: Հենց դրանով է պայմանավորված, որ առաջին եռամսյակում արդյունաբերության ոլորտում 10 տոկոսից ավելի աճ է գրանցվել, ինչն էլ նպաստել է, որպեսզի գրանցվի 5,5 տոկոս տնտեսական աճ:




























