«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մի քանի օր առաջ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների մտցնելու մասին օրինագիծ է ներկայացրել եւ շրջանառության հանձնել: Նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որ կենսաթոշակային մասհանումները բացառապես կամավոր սկզբունքով իրականացվեն: Այս մասին մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով, ՕԵԿ-ի խորհրդարանական խմբակցությունը հիշյալ օրենքի շուրջ 40 հոդվածներում փոփոխություններ մտցնելու առաջարկությամբ է հանդես եկել: «Օրինագծի նախատեսմամբ, այն քաղաքացիները, որոնք կցանկանան կամավոր սկզբունքով շարունակել համագործակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների հետ, պետք է համապատասպան հայտարարագիր ներկայացնեն այդ մասին: Իսկ նրանք, ովքեր այդպիսի ցանկություն չեն ունենա, օրինագծի ընդունման պահից պետք է դադարեցնեն մասհանումները  եւ այդ քաղաքացիների մասով մեկ ամսվա ընթացքում պետք է վերահաշվարկ իրականացվի` մինչ այդ վճարված գումարները մինչեւ հաջորդ տարվա սկիզբ վերադարձնելու նպատակով»,- նշել է Հովհաննես Մարգարյանը:

Անդրադառնալով «Օրինաց երկիրի» եւ ոչ իշխանական ուժերի «քառյակի» ներկայացրած օրինագծերի տարբերություններին, պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունն օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը, իսկ գործընկերների 6 առաջարկությունները կառավարությանն են ներկայացվել: «Բնականաբար, առաջարկությունները եւ արդեն իսկ շրջանառության մեջ գտնվող օրինագիծը տարբեր բաներ են, չնայած բովանդակության առումով դրանք մեծ նմանություն ունեն` երկու դեպքում էլ նպատակը կենսաթոշակային մասհանումների պարտադիր բաղադրիչի չեղարկումն է»,- նշել է Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ իրենց կուսակցությունը բազմիցս մտահոգություն է հայտնել օրենքի պարտադիր բաղադրիչի եւ իրավական երաշխիքների շուրջ: «Հիմա նաեւ երկրորդ օրինագիծն ենք պատրաստում այն մասին, որ կամավոր բնույթ կրող մասհանումների դեպքում անգամ քաղաքացիներին պետք է միջոցների պահպանության հստակ իրավական երաշխիքներ ներկայացվեն»,- հաղորդել է ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական «քառյակը» ՀՀ կառավարությանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ 6 առաջակություն է ներկայացրել, որոնց բովանդակությունը հիմնականում հետեւյալում է կայանում. կուտակային համակարգին մասնակցությունը պետք է կամավոր բնույթ կրի, գործատուները կարող են մասհանումները միայն աշխատողի ցանկությամբ իրականացնել, 2014թ. հունվարի մեկից գործատուների կողմից հաշվարկված, բայց չհաշվանցված, ինչպես նաեւ հաշվանցված գումարները պետք է քաղաքացիներին վերադարձվեն: