ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը՝ չի կարելի բացառել գազի մատակարարումների դադարեցումը, հատկապես, եթե չլուծվի պարտքի հարցը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինա գազի մատակարարումները դադարեցնելուն, ապա, հաշվի առնելով այդ երկրում իրադարձությունների անկանխատեսելիությունը, ես ոչինչ չեմ բացառում, եթե գազի 3,5 միլիարդ դոլար կազմող պարտքի խնդիրը ժամանակին չլուծվի», — ընդգծել է մշտական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Չիժովը նաեւ նշել է, որ Ուկրաինա Եվրոպայից գազի մատակարարման սխեման «զուտ ձեւական որոշում է», որն Ուկրաինային թույլ չի տա հրաժարվել Ռուսաստանի գազից։
«Գազի ռեվերսը տեխնիկապես իրագործելի է, սակայն սա ձեւական որոշում է, այլ ոչ՝ փաստացի։ Այն Ուկրաինային հնարավորություն չի տալիս հրաժարվել ռուսական գազից։ Այդպիսի հնարավորություն չկա», — հայտարարել է նա։



























