Հովիկ Աբրահամյանի ձեւավորած կառավարությունը պաշտպանելու է միայն խոշոր գործարարների շահերը: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նոր կառավարությունից որեւէ ակնկալիք չունեմ, օլիգարխիկ է, Հայաստանի քաղաքացիների հետ բացարձակ կապ չունի: Այս կառավարությունը ստեղծվել է մեր իշխանությունների որոշակի խնդիրներ լուծելու համար: Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ, որին այս կառավարությունն ունակ չէ: Ուստի այն փիառ ակցիան որ իրականացվում է այսօր, ընդամենը ժողովրդին մոլորեցնելու համար է»,- ասաց նա:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` նույնիսկ Տիգրան Սարգսյանի ժամանակ իմիտացիա կար, թե սա բարեփոխումների կառավարություն է:
«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնիսկ այս իմիտացիան չունի: Մեր պետության հետ որեւէ կապ չունեցող կառավարություն է, սա ընդամենը իշխանության ներսում կարկանդակի շուրջ դասավորում էր»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով նոր վարչապետին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նա պաշտպանելու է միայն խոշոր գործարարների շահերը. «Վարչապետ նշանակվեց մի մարդ, որը ամբողջ ընթացքում բիզնեսն ու պաշտոնը զուգորդել է, շահերի համընկնումը ակնհայտ է: Այստեղից պարզ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պաշտպանելու է միայն խոշորների շահերը: Իր Ազգային ժողովի նախագահ լինելու ժամանակ էլ այնպես արեց, որ մանր եւ միջին բիզնեսը վերացավ ուղղակի»:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: Ամենայն հավանականությամբ կառավարության նոր ծրագիրը խորհրդարանում կլինի մայիսի 17-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























