Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Երեւանում, այսօր՝ մայիսի 13-ին, կայացած բանակցություններից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:
Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի եւ ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների եւ անտառային տնտեսության նախարարի միջեւ», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի եւ ՖՀ ներքին գործերի նախարարի միջեւ՝ բնական եւ տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման եւ գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առեւտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության եւ Ռիշել գրուպ ընկերության միջեւ՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»: Կողմերի միջեւ փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի Նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաեւ «Նախնական վարձակալության պայմանագիր «Երեւան մոլի» եւ «Կարֆուր» ընկերության միջեւ»:
Նախագահի նստավայրում ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:






























