Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման հետեւանքների մասին նախազգուշացմամբ է հանդես եկել:

«Տնտեսական պատերազմը, առաջին հերթին, հենց Արեւմուտքի վրա է անդրադառնալու»,- հայտարարել է աշխատանքային այցով Դյուսելդորֆում գտնվող նախարարը:

Շտայնմայերը նշել է, որ Արեւմուտքի կողմից մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքում Ռուսաստանն արդեն տուժել է: Վերջին վեց շաբաթների ընթացքում այդ երկիրն արդեն 100 մլրդ ԱՄՆ դոլար է կորցրել, նվազել է տնտեսության արտադրողականությունը, dpa-ին վկայակոչելով հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Մայիսի 12-ին` ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին Եվրամիության որոշման, միջոցառումների երրորդ փուլի բացասական հետեւանքների մասին նախազգուշացումներով է հանդես եկել նաեւ գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեն:

Կառույցի ղեկավար Էկհարդ Կորդեսը Բեռլինում հայտարարել է, որ «տնտեսական պատժամիջոցները, նույնն է թե` ներդրումների եւ առեւտրի քաղաքական շահարկումը մեծ վնաս կհասցնի այն վստահությանը, որի հենքի վրա վերջին տասնամյակներին ամբողջ աշխարհում միլիարդավոր դոլարների ներդրումներ են իրականացվել»: Կորդեսի խոսքով, այն պահին, երբ հակամարտության լարումը կարող է բոլոր կողմերի համար տնտեսական կորուստների պատճառ դառնալ, հենց գործարար աշխարհն է իր վրա վերցնում «կամուրջների անցկացման» առաքելությունը: