ԲՀԿ խմբակցությունը չի կարող կարող կողմ քվեարկել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցությունը:
Խմբակցությունում ասվում է.
«ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ամբողջ օրը հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, ԴԵՄ-ի ակտիվիստների, առաջատար իրավաբանների հետ, լսելու նրանց տեսակետը, հստակեցնելու շահառուների դիրքորոշումը:
1. Մենք գտնում ենք, որ ներկայացված օրինագիծը կես քայլ առաջ է որոշակի իմաստով եւ որոշակի ժամանակահատվածում մեղմում է լարվածությունը:
2. Այս տեսքով օրինագիծը նկատելիորեն թերի է, կիսատ եւ չի լուծում հիմնական խնդիրը:
3. ԲՀԿ-ն ունի մի շարք հարցեր, որոնք այս օրինագծով մնում են բաց: Ավելին` առաջանում են նոր հարցադրումներ:
4. Ընդունելով հանդերձ, որ ներկայացված նախագիծը կես քայլ առաջ է` ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում եւ չի փարատում հասարակության մեջ առկա կասկածները:
5. Միեւնույն ժամանակ ԲՀԿ-ն չի քվեարկի ԴԵՄ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը` լինել ավելի համահունչ հասարակության պահանջներին եւ մոտեցումներին :
6. Մենք ուզում ենք ընդգծել, որ Բարգավաճ Հայաստանը այս խնդրում, ինչպես նաեւ հասարակությանը հուզող բոլոր հարցերում լինելու է ակտիվ կողմ` մշտապես լինելով շահառուների եւ հասարակության կողքին:
7. ԲՀԿ-ն այսօր քվեարկել է ձեռնպահ: Միեւնույն ժամանակ, եթե ոչ իշխանական ուժերի քառյակում որոշում կայացվի` ստորագրահավաք սկսել արտահերթ նիստի պահանջով, ապա ԲՀԿ-ն միանալու է այդ նախաձեռնությանը` հասարակությանը հուզող հարցերը եւս մեկ անգամ բարձրաձայնելու եւ հնարավոր արդյունավետ լուծումը գտնելու նպատակով:




























