Երեկ մենք հայտարարեցինք, որ չենք կարող դեմ լինել օրինագծին, սակայն սա չի նշանակում, որ կողմ ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 13-ին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իրենց խմբակցությունը փոխեց մոտեցումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների հարցում: 

Ռուստամյանի խոսքով՝ քվեարկությանը ձեռնպահ մնալով  կառավարությանը վերականգնվելու հնարավորություն  են տալիս. «Բացի այդ, օրենքի փոփոխությունները նշանակում են, որ ներդրվում է կամավորության բաղադրիչը, որը մեր նախնական նպատակն էր: Մեր մոտեցումը պասիվ ժխտումն էր, նրանցը՝ ակտիվ ժխտումը: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր դիրքորոշումը հայտնել օրենքի վերաբերյալ: Սա լուրջ հաջողություն է, քանի որ լիակատար հաջողության համար համակարգը պետք է համապատասխանեցվի պարտադիր կուտակային բաղադրիչի լիակատար վերացման տրամաբանությանը»:

Ռուստամյանը նաեւ նշել է, որ իշխանությունները փորձում են օրինագիծը ներկայացնել որպես բարի կամքի դրսեւորում, սակայն դա այդքան էլ այդպես չէ՝ հաշվի առնելով ՍԴ-ի որոշման առկայությունը: Պատգամավորը նաեւ գոհունակություն է հայտնել, որ գործող կառավարությունը չցանկացավ դառնալ նախորդի իրավահաջորդը կուտակային  կենսաթոշակների հարցում:

 «Կառավարությունը ցույց է տալիս, որ ցանկանում է հրաժարվել կենսաթոշակային այդ համակարգի ներդրումից, ու մենք օգնում ենք այդ հարցում»: