Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սեւ ոսկի» արդյունահանող երկրների հետ: Այս մասին The Wall Street Journal-ում գրում է ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսին, որն այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհուրդն է գլխավորում:
«Հաշիվները սառեցնելուն եւ Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արեւմուտքի, Չինաստանի եւ Հնդկաստանի համար», — Վուլսիի խոսքերն է մեջբերում ТСН-ը:
Դրա համար ԿՀՎ-ի նախկին տնօրենը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս բենզինի համար մրցակցություն ստեղծել լցակայաններում, որպեսզի այն էժանանա եւ արժեզրկի նավթը: Հեղինակը նշում է, որ բոլոր հատվածներում, որտեղ նավթի հետ մրցակցում են էներգիայի այլ աղբյուրներ, այն իր գնի պատճառով կորցրել է շուկայի մասնաբաժինը: Եթե հենց լցակայանում վարորդները կարողանան ընտրել՝ ինչ վառելանյութով վարեն, այսպես կոչված «շարժիչային վառելիքի արբիտրաժի» հնարավորություն կստեղծվի, փոխանցում է «Ռոսբալտը»:




























