Երեւանի Ավան թաղամասի բնակիչ, 57-ամյա Զորիկ Կ.-ն մեղադրվում է կեղծ օղիներ պատրաստելու եւ իրացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սետեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Զորիկը Երեւան քաղաքի տարբեր խորտկարաններից հավաքել է տեղական արտադրության տարբեր տարողության օղու դատարկ շշեր , կափարիչներ, օգտագործված աքսիզային դրոշմանիշներ: Այնուհետեւ վերջինս իր բնակարանում իրացման նպատակով պատրաստել է կեղծ օղիներ,  որոնց մի մասը՝ թվով 40 շիշ իրացրել է Երևան քաղաքի Ավան թաղամասում գործող մթերային խանութներից մեկին:

Զորիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը հայտնի կլինի առաջիկայում: