Հայաստանն ու Արցախը մեկ տնտեսական տարածք են եւ նրանց միջեւ երբեք մաքսակետ լինել չի կարող: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական համաժողովի պաշտոնյայի հայտարարությանը, թե սահմանն անցնելու է Հայաստանի սահմանված տարածքով, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դուրս է մնում տնտեսական տարածքից:
«Հայաստանի հանրապետությունը երբեւիցե հայտարարե՞լ է, թե Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է մտնի Մաքսային միության մեջ, կամ ԼՂՀ-ն հայտարարե՞լ է, թե պետք է մտնի Մաքսային միության մեջ: Մի բան հստակ է` Հայաստանն ու ԼՂՀ-ն մեկ տնտեսական տարածք են, եւ մենք շահագրգռված ենք, որ Արցախը մտնի տնտեսական տարածքի մեջ: Իսկ ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում այն պաշտոնյան է, որին պետք է քննարկել: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի կարող տեղադրվել»,- ասաց նա:



























