«Մետինվեստ» խմբի մաս կազմող ընկերությունները, որոնց հիմնական բաժնետերը Ռինատ Ահմետովին պատկանող «Սիսթեմ Քեփիթալ Մենեջմենթ» ընկերությունների խումբն է, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» հետ կարգուկանոնի եւ անվտանգության մասին հուշագիր են կնքել:

Ստորագրման արարողությունը Իլյիչի անվան եւ «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատների եւ «ժողովրդական դրուժինայի» քաղաքային շտաբի նախաձեռնությամբ Մարիուպոլում է տեղի ունեցել` մայիսի 15-ին, «Մետինվեստի» մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է segodnya.ua-ն:

«Հուշագրով Մարիուպոլում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ եւ Կիեւի իշխանություններին ուղղված առաջարկներ են ամրագրվում», - ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, կողմերը Կիեւի իշխանություններին խնդրում են հեռացնել ճանապարհներին տեղակայված ռազմական անցակետերը:

«Մարիուպոլի շրջակա ճանապարհների անվտանգությունը պետք է քաղաքային ոստիկաններն ապահովեն` ժողովրդական դրուժինայի աջակցությամբ:

«Հորդորում ենք կտրականապես հրաժարվել բռնության կիրառումից եւ բողոքի ալիքի ֆոնին քաղաքում հայտնված բոլոր զինված խմբավորումներին զինաթափվելու կոչ անում:  ԴԺՀ-ի առաջնորդները, ժողովրդական դրուժինաները եւ ոստիկանությունը կարող են Մարիուպոլի անվտանգությունն ապահովել», - ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք` դոնեցկցի գործարար Ռինատ Ահմետովը ամենահարուստ ուկրաինացին է համարվում: Նրա ունեցվածքը 12,5 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում: