«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի պատրաստվում աշխատանքային խումբ ստեղծել եւ մասնակցել կուտակայինի մասին նոր օրենքի մշակմանը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Աշխատանքային խումբ չի ստեղծվելու, որովհետեւ մենք օրենք մշակող չենք, հատկապես որ մեր պահանջներն ընդունված չեն: Մենք առաջիկայում մեր սկզբունքներն ենք հրապարակելու, որն էլ քառյակը կհասցնի խորհրդարանին»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամներից Լուսինե Վաթյանն էլ ընդգծեց, որ դրա համար կան պատգամավորներ. Մենք ուղղակի կարող ենք հանրային քննարկումների միջոցով տալ տարբեր լուծումներ, սակայն մենք օրենք մշակող չենք, դա պատգամավորների գործառույթն է»:

Նշենք, որ նախորդ կառավարությունը «Դեմ եմ»-ին մի քանի անգամ հրավիրել էր հանդիպման, սակայն նախաձեռնությունն այդպես էլ չհամաձայնվեց բանակցությունների գնալ իշխանությունների հետ: Նոր կառավարությունն էլ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, առաջարկել էր աշխատանքային խումբ ստեղծել եւ մասնակցել օրենքի մշակմանն ու դրանում փոփոխություններ կատարելուն: Այս առաջարկը նույնպես մերժվեց: