Ստեփանիծմինդա-Լարս մայրուղու վրա տեղի ունեցած սողանքի արդյունքում հայկական բեռնափոխադրողները պայմանագրային ֆորս-մաժորներ չեն ակնկալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին հայտարարել է Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Նա հույս է հայտնել, որ ճանապարհը սեղմ ժամկետներում կմաքրվի` նշելով, որ Վրաստանից Ռուսաստան բեռների փոխադրման համար շրջանցիկ երթուղիներ չկան: Բեռնատարների մի մասը սպասում է ճանապարհի բացմանը, մյուսները Հայաստան են վերադառնում: «Սակայն հայկական բեռնափոխադրողների հետ պայմնագրերի խզումներ չեն լինի: Միեւնույնն է` ուրիշ ոչ մեկի հետ չեն կարող աշխատել», - նկատել է Համբարձումյանը:

Հիշեցնենք` մայրուղին փակվել է մայիսի 17-ին տեղի ունեցած սողանքների արդյունքում: Վրաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների համար նախատեսված մյուս երկու ճանապարհները եւս անհասանելի են, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով են անցնում: