Հովիկ Աբարհամյանի վարչապետության մեկամսյա գործունեությունը առայժմ ընթանում է ոչ ցանկալի ուղղությամբ, եւ դեռ տեսանելի չեն աշխարհասփյուռ հայության շահերից բխող հստակ գործառույթներ: Այս մասին պահանջագիր է հրապարակել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը:
Պահանջագրում նաեւ ասվում է.
«Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության կողմից.
-«կուտակային» օրենքի ընդունման առումով հանրության համար դեռեւս ընկալելի չեն ՀՀ քաղաքացիների շահերին միտված քայլերը,
-«շքեղության հարկի» վերացումը, որը պետք է ծառայեր սոցիալական արդարության հաստատմանը,
-խոշոր հարկատու հանդիսացող ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը վերացնելու օրենսդրական նախաձեռնությունը, որը իր մեջ ստվերային տնտեսությունը վերահսկելու անհնարինության ռիսկեր է պարունակում,
- հարկատուներին եւ ողջ հանրությանը պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց արարողակարգային ծախսերի բաց տեղեկատվությունից զրկելը:
Տպավորությունը այնպիսին է, որ ՀՀ կառավարությունը առայժմ կատարում է բացահայտ քայլեր, որոնք բխում են պետական պաշտոնյաների եւ օլիգարխիայի շահերից: Այս ամենին եթե ավելացնենք Ձեր նախաձեռնությամբ իրականացված հայաստանյան գործարարների հավաքին հնչած մտքերը, որտեղ գործարարներին մեկ ամիս ժամանակ է տրվել «նոր» կանոններով աշխատելու համար, ապա ստիպված ենք արձանագրել, որ ցավոք ՀՀ կառավարության անդամների մոտ բացակայում է ազգային անվտանգությանը սպառնացող համատարած ճգնաժամի գոյության գիտակցումը, քանի որ նոր կառավարությունը զբաղված է ոչ հրատապ` մակերեսային խնդիրների լուծումներով:
Երկիրը շարունակվում է ղեկավարվել առավելաբար տղայական մոտեցումներով, այնինչ այս պահին շատ կարեւոր է հասկանալ աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների ուղղությունները եւ գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը 3 ճակատով /Ադրբեջան, Նախիջեւան, Թուրքիա/ փաստացի գտնվում է պատերազմի մեջ, հետեւաբար կատարել տնտեսության հզորացման քայլեր, որոնք կամրապնդեն մեր ռազմական հաղթանակները:
ԵՀՄՖ Նախագահությունը լիահույս է, որ ՀՀ ԱԺ-ին մոտ ապագայում ներկայացվող ՀՀ կառավարության ծրագիրը իր մեջ կներառի Հայաստանի եւ Արցախի տնտեսությունը արագացված քայլերով վերականգնելու եւ առավել զարգացնելու ուղղությամբ նախատեսված ծրագրեր, սակայն գոյություն ունի մեկ պարտադիր քայլ, որի բացակայության պարագայում հետագա բոլոր արդյունքները կզրոյանան, այդ կապակցությամբ ԵՀՄՖ Նախագահությունը ՀՀ Վարչապետից
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Է
Օգտվելով ՀՀ Վարչապետին տրված ՀՀ Քրեական Օրենսգրքի հնարավորություններից` շտապ ձեռնարկել քայլեր մամուլում բազմակի անգամ հրապարակված, ինչպես նաեւ ԱԺ Վերահսկիչ Պալատի կողմից ուսումնասիրված եւ հաստատված ՀՀ բարձրագույն պաշտոններ զբաղեցրած Տիգրան Սարգսյանի եւ նրա մերձավորների կողմից կատարված հարյուրավոր միլոնների հասնող գանձագողության, օֆշորային ֆինանսական աճպարարությունների, բյուջետային միջոցների կանխամտածված եւ միաժամանակ իրենց համար եկամտաբեր «վատնումների»` պետության համար վնասարարության փաստերի առթիվ հետաքննությունների իրականացում` ՀՀ դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթների` հանցագործությունը կոծկելը նույնպես համարվում է հանցագործություն, հետեւաբար, լիահույս ենք, որ ՀՀ ներկայիս կառավարությունը զերծ կմնա կատարված հանցագործությունների աղաղակող փաստերը չնկատել տալու քաղաքականությունից եւ կկատարի ՀՀ Սահմանադրությունով իրեն վերապահված պարտադիր գործողություններ:
Միայն նման գործելաոճ որդեգրելու արդյունքում է հնարավոր վերականգնել ժողովրդի վստահությունը հայրենի կառավարության հանդեպ, կասեցնել արտագաղթը եւ դեռ խթանել ներգաղթը, իսկ սփյուռքյան եւ արտասահմանյան ներդրողների համար որպես նախապայման: Հետեւաբար այն գիտակցելու ու գործի դնելու պարագայում Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը պատրաստ է իր «համեստ» աջակցությունը տրամադրել իրավապահներին, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն ունենալ դեպի Հայաստան խոշոր ֆինանսական ներդրումների հոսք ապահովելու գործում:



























