Ստեփանծմինդա-Լարս մայրուղու շուտափույթ մաքրում չպետք է ակնկալել, NEWS.am-ին է հայտնել  Վրաստանի Միջազգային ավտոփոխադրումների միության գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան: 

Հարցին, թե կարելի է արդյոք Ռուսաստան բեռնատարներ ուղարկել, ասենք, շրջանցելով Ավարա-Կախեթիա ճանապարհը, Ցիպուրիան նշել է, որ ներկայումս այլ երթուղիներ չկան, եւ միակ իրական միջոցը բեռները լաստանավերով ուղարկելն է, այդ թվում նաեւ` Թուրքիայի միջոցով: Ճիշտ է, դա կբարձրացնի փոխադրման արժեքը:

Մյուս տարբերակը փոխադրումներն են Փոթի-Կովկաս   երթուղիով: «Եթե խոսենք լաստանավերի մասին, ապա այստեղ անհրաժեշտ են նավահանգիստների պայմանավորվածությունները լաստանավերի ընկերությունների հետ` ժամանակավորապես արտակարգ երթուղիներ բացելու մասին», - պարզաբանել է Ցիպուրիան: Դեռ Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներից  այդպիսի պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չկան: «Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա իրավիճակը  բարդ է: Մեծ քանակությամբ սողանք է թափվել: Առավել եւս, որ եղանակը երեկ էլ անբարենպաստ էր աշխատանքների համար, տեղատարափ անձրեւ էր տեղում: Վերականգնման հստակ ժամկետներ այժմ, կարծում եմ, մենք չենք կարող նշել», - նշել է Ցիպուրիան: Նա հավելել է, որ հայկական բեռնատարների համար իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ դրանք չեն կարող Ռուսաստան հասնել Ադրբեջանով:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին սողանքի հետեւանքով փակվել էր  Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածը: Մյուս երկու ճանապարհները` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջով, անհասանելի են: