Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր հարկատուների միջև անցած շաբաթվա հանդիպմանը տեղում պետք է կալանավորվեր այն գործարարը, որը հայտարարել է, որ ինքը կսկսի աշխատել օրենքի դաշտում, երբ բոլորն այդպես աշխատեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Այդ ժամանակ նիստը պետք է վարչապետը դադարեցներ, դատախազությանը կանչեր, և քրեական գործ հարուցվեր այդ գործարարի նկատմամբ, որովհետեւ նա փաստորեն հայտարարում է, որ ինքն օրենքի դաշտում չի աշխատում»,-ասաց Իսագուլյանը անդրադառնալով վարչապետի եւ գործարարների հետ հանդիպման այս դրվագի մասին տարածված տեղեկատվությանը։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով մայիսի 14-ին մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ իր հանդիպմանը, ասել էր, որ ինքը գործարարներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տվել խաղի արդար կանոնների անցնելու համար։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am