Անգլիական ֆուտբոլային «Չելսի» ակումբը հռչակվել է Անգլիայի չեմպիոն:

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տուրում ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող լոնդոնյան թիմը ջախջախել է «Ուիգան» ակումբին 8:0 խոշոր հաշվով, իսկ դա նշանակում է, որ «Չելսին» ավարտել է առաջնությունը՝ մեկ միավորով առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ «Մանչեստեր Յունայթեդից»:

BBC-ի փոխանցմամբ, զուգահեռ խաղում մանչեստերցիները 4:0 հաշվով հաղթել են «Սթոք Սիթիին»: Առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել «Արսենալը»:

Նշենք, որ սա «Չելսիի» չորրորդ չեմպիոնական կոչումն էր իր ողջ պատմության ընթացքում: Թիմը նախկինում կոչումը նվաճել էր 1955, 2005 եւ 2006 թվականներին:

Ֆուտբոլային մեկնաբանների կարծիքով, այս հաղթանակը թիմի նոր մարզիչ Կառլո Անչելլոտիի ձեռքբերումն է: