Թուրքիան թույլ կտա «Հարավային հոսք» գազատարի կառուցումն իր ջրային տարածքներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը: Ավելի վաղ նշվում էր, որ «Հարավային հոսքի» կառուցումը թույլ կտա նվազեցնել Ռուսաստանի կախումն այն երկրներից, որոնց տարածքով վառելիքը հասնում է Եվրոպա։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի մասին է։ Ենթադրվում է, որ «Հարավային հոսք» գազամուղը պետք է գազը ուղիղ ճանապարհով Ռուսաստանից հասցնի Բուլղարիա և Հարավարևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ։
Կառուցման թույլտվությունը Թուրքիան տվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ ամիս առաջ։ Ուշակովի խոսքով, հանդիպման ընթացքում ծրագրվում է գազային, նավթային, ինչպես նաև ատոմային էներգետիկայի ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի շարք ստորագրել։
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 1-ին ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը նշել էր, որ «Հարավայի հոսք» ծրագրի շարունակականության մասին քննարկվել է նաև Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ հանդիպման ժամանակ։
Հետաքրքրական է, որ հուլիսին Անկարայում ստորագրվել էր «Նաբուկո» տարանցիկ գազատարի վերաբերյալ համաձայնագիր, որը «Հարավային հոսքի» մրցակիցն է համարվում, իսկ Թուրքիան համարվում է «Նաբուկո» ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ «Նաբուկո» գազատարը պետք է կասպյան եւ միջինասիական գազը հասցնի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը։



















