Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները մայիսի 29-ին Աստանայում կստորագրեն պայմանագիր՝ 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որը Մաքսային միությունից հետո հետխորհրդային տարածքի երեք երկրների ինտեգրման հերթական փուլը կդառնա։
Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը միավորում է Մաքսային միության եւ միացյալ տնտեսական տարածքի իրավաբանական հիմքը, ինչպես նաեւ ԵվրԱզԷս-ի նորմատիվ ակտերի մի մասը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին բացատրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։
«Սա Մաքսային միությանը կամ միացյալ տնտեսական տարածքին փոխարինող միություն չէ, այլ նրանց շարունակությունը, ինտեգրման հերթական փուլը», - ասում է ստորագրմանը պատրաստվող փաստաթղթերի բովանդակությանը ծանոթ պաշտոնյան:
Սպասվում է, որ ԵՏՄ-ի շրջանակում երկրները համաձայնեցված տնտեսական քաղաքականություն կվարեն: Ընդ որում, կվերացվեն ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժման սահմանափակումները:
Հետխորհրդային տարածքում տնտեսական ինտեգրումն սկսվել է 1993 թ.-ից ԱՊՀ շրջանակում: Մինչեւ 2014 թ. վերջը ԵՏՄ-ին կմիանան նաեւ Հայաստանն ու Ղրղըզստանը:





























