Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշում է կայացրել չտուգանել «ԱրմենՏել» ընկերությանը, որի դեմ հայց էր ներկայացրել «Ռոստելեկոմ» ընկերությունը:
Վերջինս նշել էր, թե իր ծայությունների աշխարհագրությունը ընդլայնելու եւ բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ: «Ռոստելեկոմը» տեղեկացրել էր նաեւ, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները: Սակայն «ԱրմենՏելը» «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաեւ լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1 մլն 720 հազար դրամ: ՏՄՊՊՀ-ն փաստել է, որ «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն «ԱրմենՏելը»:
Նիստի ընթացքում «Ռոստելեկոմի» տնօրեն Հայկ Ֆահրամազյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի միջամտության արդյունքում խնդիրը արդեն իսկ կարգավորվել է եւ առանց լրացուցիչ պայմանների եւ վճարների պարտադրման, «ԱրմենՏելը» կնքել է պայմանագիրը:





























