Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշում է կայացրել նախազգուշացնել երկու ընկերությունների՝ օրենքի խախտման համար:

«Ջերմուկ» ընկերությունը  Հանձնաժողովին դիմում էր ներկայացրել այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» եւ «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում  իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզել է նաեւ, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաեւ եւս մեկ խնդիր: Համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում:  Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» եւ «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

ՏՄՊՊՀ որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար «Ջերմուկ Գոլդ» եւ «Արփի» ընկերությունները ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Նիստին ներկա էր «Արփի»  ընկերության ներկայացուցիչը, ով տեղեկացրել է, որ  խախտումն արդեն իսկ վերացվել է եւ իրենց արտադրանքի պիտակները էականորեն տարբերվում են «Ջերմուկ» ընկերության պիտակներից: