2013թ. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված ծախսերի 83,7 տոկոսն են իրականացվել (շուրջ 9,3 մլրդ դրամ): Տեղեկությունը մայիսի 31-ին խորհրդարանում 2013թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն է հաղորդել: 2012թ. համեմատվությամբ ծախսերն ավելացվել են 2,5 տոկոսով:

Մասնավորապես, մասնավոր ֆերմերներին տրամադրված գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորմանն ուղղված ծախսերը 634,5 մլն դրամ են կազմել (2012թ. համեմատությամբ` 9,8 տոկոսով բարձր), անասունների եւ թռչունների ներարկումներին ուղղված ծախսերը` շուրջ 1,1 մլրդ դրամ (2012թ. համեմատությամբ` 9,2 տոկոսով բարձր):

Բացի բյուջետային ֆինանսավորումից, «Գյուղական ակտիվների ստեղծում» վարկային ծրագրի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից 359 մլն դրամ է ստացվել, OPEC-ի զարգացման միջազգային հիմնադրամից` 2,3 մլրդ դրամ (ծրագրի նպատակը գյուղերում մրգերի արտահանման եւ ենթակառուցվածքների զարգացման աճի խթանումն է): Համաշխարհային Բանկի «Գյուղական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն» ծրագրի շրջանակում ստացված վարկի հաշվին` արոտավայրերի զարգացման ուղղությամբ 1,4 մլրդ դրամ է ծախսվել:

2013թ. գյուղատնտեսական ապրանքների համախառն ծավալը 918,6 մլրդ դրամ է կազմել (2012թ. համեմատությամբ` 7,1 տոկոսով բարձր), որից բերքի ծավալը` 6,1 տոկոս: Անասնապահության ծավալն աճել է 7,8 տոկոսով, այդ թվում կաթի արտադրությունը` 6,3 եւ մսինը` 12,7 տոկոսով: