2013թ. անօրինական անտառահատման դեպքերի շուրջ 30 տոկոսով կրճատում է գրանցվել:  Տեղեկությունը մայիսի 31-ին 2013թ. պետբյուջեի իրականացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է ներկայացրել:  «Հանրապետության անտառածածկույթը բավականին փոքր մակերես է կազմում, եւ մենք պետք է հետեւենք դրան», - նշել է նախարարը:  

2013թ.-ին 928 անօրինական անտառահատման դեպք է բացահայտվել, 2012թ.-ին` 1320:

Նշենք, որ նախարարության վերահսկողությամբ գործող «Հայանտառ» պետական կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը ավելի վաղ հայտարարել էր, թե դեռեւս պարզ չէ` ինչ ազդեցություն կունենա գազի գնի` 2013թ. հուլիս ամսից թանկացումը ձմռան ամիսներին իրականացվող անօրինական անտառահատումների ծավալի վրա:  Այդուհանդերձ, 2014թ. հուվար-մարտ ամիսներին բացահայտված 65 դեպքերը նախորդ տարվա համեմատությամբ էական տարբերություն չեն գրանցել:

Հայաստանի անտառածածկույթը հանրապետության ողջ մակերեսի շուրջ 10 տոկոսն է կազմում` ավելի քան 330 հազար հա: