Երեւանի որոշ դպրոցներում եւ կրթական հաստատություններում չեն ընդունում կուտակային կենսաթոշակի համար պահումներ չկատարելու մասին ուսուցիչների եւ գիտաշխատողների դիմումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողներին ասացին կուտակաին կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ դուրս եկած կրթության ոլորտի աշխատողները։
«Մեզանից դիմումներ չեն ընդունում, չնայած որ դպրոցներ կան, որ ընդունել են դիմումները, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ այս ամիս եւս պահումներ չեն կատարվի, եւ մինչեւ այդ պահված գումարները կվերադարձնեն»,- ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը։
Ըստ նրա, դպրոցների տնօրեններին ճնշում են «վերեւից», իրենք էլ իրենց ուսուցիչներին են ճնշում։
«Դպրոցներում նույնիսկ ճնշումներ են գործադրվում, երբ ուսուցիչները դիմումներ են ներկայացնում։ Տնօրեններն ասում են՝ եթե դիմում ես գրում, ապա գրի քո ազատման դիմումը նույնպես, տնօրեն է եղել, որ ասել է՝ քանի գլուխ ունես, որ դիմում ես ներկայացրել, ինչ ես մտածել ընդհանրապես»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Հոգեբանն ասաց, որ շատ դպրոցներում էլ ասում են, որ իրենք նման հրաման չունեն, սպասում են քաղաքապետարանի հրահանգին, որ դիմում ընդունեն, կամ դիմումին ընթացք տան։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշեցնենք` մայիսի 15-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակումներին, որոնք կուտակային կենսաթոշակային մասհանումները կամավոր են դարձնում` մինչեւ կենսաթոշակային բարեփոխման վերջնական ճակատագիրը որոշող կառավարական նոր օրինագիծը կներկայացվի:





























