Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծերի նոր փաթեթը դեռեւս կառավարության կողմից քննարկման փուլում է գտնվում: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը մայիսի 31-ին խորհրդարանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է հնչեցրել:
Հարցին, թե արդյոք այն, նախատեսվածի համաձայն, մինչեւ հուլիսի 1-ն է խորհրդարանի քննարկմանը ներկայացվելու, նախարարը հաստատական պատասխան է տվել: «Իսկ թե խորհրդարանի քննարկումները որքան կտեւեն, դա արդեն հենց խորհրդարանից է կախված», - հայտարարել է Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանի ապրիլի 2-ի վճռի համաձայն, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենսդրությունը պետք է ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ մտնի: Մինչ այդ կուտակային մասհանումները ժամանակավորապես կամավոր սկզբունքով կիրականացվեն:





























