Կարմիր գծերի, նկարահանող տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքների չափերի դեմ ձեւավորված «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը այսօր՝ մայիսի 31-ին խոչընդոտել են ոստիկանները։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Նոր Նորքի 6-րդ զանգվածում սկսված երթի մասնակիցները նախաշնված երթուղով հասել են Կոմիտասի պողոտա, որտեղ ավտոերթին մասնակցող մեքենաներից մեկին կանգնեցնելու համար ճանապարհային ոստիկանության մեքենան մտել է հանդիպակաց գոտի եւ կանգնեցրել շարասյան մի մասը, ապա 5000 դրամ տուգանել վարորդներից մեկին։

«Մենք այդ տուգանքը վարորդի վրա չենք թողնի։ Պատրաստվում ենք բողոքարկել դատարանում»,- ասաց Վարդան Հակոբյանը։

Նախախորհրդարանը տարածել է տեղեկություն, ըստ որի ոստիկանությունը նպատակ է ունեցել խոչընդոտել իրենց խաղաղ ավտոերթը։

Ավտոերթն ավարտվել է Գևորգ Չաուշի փողոցում։ Վարդան Հակոբյանի գնահատմամբ, դրան մասնակցել է մոտ 300 մեքենա։

Լուսանկարները՝ «Նախախորհրդարանի» ֆեյսբուքյան էջից։