Եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն մտնի առանց Լեռնային Ղարաբաղի, ապա մաքսակետեր կդրվեն Գորիսում եւ Վարդենիսում, իսկ սահմանները կպաշտպանեն սահմանապահ զորքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությանը:

«Հայտարարությունը շատ հստակ է եղել՝  Հայաստանը պետք է մտնի իր միջազգային ճանաչված սահմաններում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը չի կարող մտնել Մաքսային միության մեջ: Եթե Հայաստանը պետք է մտնի միջազգային ճանաչված սահմաններով, Հայաստանը պարտավոր է կատարել միավորման պահանջներից ամենակարեւորը՝ իր արտաքին բոլոր սահմաններին՝ Գորիսում եւ Վարդենիսում, պետք է մաքսակետեր ունենա, ցանկացած ապրանք պետք է ֆիքսվի մաքսակետով»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ արցախյան բոլոր ապրանքները այս դեպքում կհամարվեն մաքսանենգ, քանի որ ԼՂՀ-ի ձեռնարկությունները գրանցված չեն ադրբեջանական հարկային համակարգում. «Խաբելու սկզբունքն այստեղ չի կարող աշխատել, Եվրասիական տնտեսական միության կարեւորագույն սկզբունքներից մեկն էլ այն է, որ այդ տարածք չի կարող մտնել մաքսանենգ ապրանք: Եթե մտնի այդ միության մեջ, իսկ այնտեղ կմտնի, եթե որոշում կայացնի Վլադիմիր Պուտինը, ապա մաքսակետերը պետք է աշխատեն, որը նշանակում է՝ հենց դրանք սկսեն աշխատեն, ապա ԼՂՀ բոլոր ապրանքները դառնում են մաքսանենգ եւ դրանց մուտքը Հայաստան կարգելվի: Միայն մաքսակետերի հարցը չէ: Վրաստանի հետ մենք ունենք երկու մաքսակետ, որպեսզի մաքսանենգ ապրանք չմտնի, պետք է լինեն սահմանապահ զորքեր դնի Վարդենիսի եւ Գորիսի մաքսակետերում, որը պարտադիր պայման է»:

Թե ինչ կարող է անել Հայաստանը, Արմեն Բադալյանը համոզված է՝ կորոշի Վլադիմիր Պուտինը, քանի որ Հայաստանի նախկին վեց տարիների վարած քաղաքականությունը մեզ այլեւս այլ տարբերակ չի թողնում:

«Եթե Պուտինն ասի, որ պետք է մտնեն Մաքսային միություն, ապա պետք է մտնի ուզած-չուզած: Չպետք է մոռանալ նաեւ, որ Հայաստանը զինտեխնիկա է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, եթե մաքսակետ ես դնում, այդ զինտեխնիկան ինչպե՞ս ես տանելու: Սա էլ է լուրջ հարց»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիեւ կողմից հասցեագրված նամակի մասին է հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն ընդունելու կոչ է արվում: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: