Երեւանում ԵԱՀԿ աջակցությամբ, այսօր՝ հունիսի 2-ին, մեկնարկել է գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասընթացների շարք՝ Հայաստանի նախարարությունների եւ պետական մարմինների քաղաքացիական ծառայողների համար:

Եռօրյա դասընթացի նպատակն է խրախուսել Հայաստանի նախարարությունների ներգրավումը ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրում: Մասնակիցները կծանոթանան ընթացիկ բարեփոխումների գործընթացին եւ առաջիկա ծրագրերին, կուսումնասիրեն կանոնակարգման վերանայման գործընթացը, ծախսերի գնահատումը եւ Հայաստանի համար ծրագրի կարեւորությունը: Մասնակիցները կծանոթանան նաեւ բիզնես միջավայրում կարգավորման ամենատարածված սխալներին եւ կանոնակարգիչ գործունեությունում խորհրդակցության լավագույն փորձին:

 «Յակոբս, Կորդովա եւ ասոշիեյթս» ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսը նշել է. «Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է գործարար միջավայրով եւ ձեռնարկատերերով, իսկ զարգացման հեռանկարը կախված է պետական կարգավորումներից: Օրենքի մեկ պարբերություն կարող է սպանել մի ամբողջ զարգացող արդյունաբերություն, ուստի կարեւոր է, որ կարգավորման պատասխանատուները ողջ կառավարությունում  հասկանան շուկայի բարենպաստ կարգավորման հիմնարար սկզբունքները եւ օգտագործեն այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում»:

Նա հավելել է, որ այս դասընթացը Հայաստանում ընթացիկ ազգային կանոնակարգիչ բարեփոխումների համար նախադրյալներ կտրամադրի եւ նախարարություններին կօգնի շարունակել լավ կանոնակարգերի միջոցով իրենց աջակցությունը՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման եւ հայ երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը նշել է. «Կարգավորիչ գիլյոտինը բազմաշերտ գործընթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր: Նախարարությունները եւ պետական գերատեսչությունները՝ որպես կիրարկող մարմին, կարեւորագույն գործընկերներ են մեզ համար: Մեծապես կարեւոր է գործակցել՝ վերանայելու իրավական համակարգը եւ ներկայացնելու բարեփոխումների առաջարկություններ: Կարծում եմ, որ դասընթացների շարքը կտեղափոխի մեր համագործակցությունը դեպի նոր, ավելի գործակցային մակարդակ»:

Հայաստանում բարենպաստ տնտեսական կառավարման խթանումը «Կարգավորիչ գիլյոտին»-ի ծրագրի նպատակն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: Ծրագրի դոնորներն են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ Համաշխարհային բանկը: