Դարյալի կիրճում գազատարի վթարի ժամանակ մենք ռուսական գազը փոխարինել ենք իրանականով: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, գազատարի վերանորոգման ավարտից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգությունը նոր մակարդակի է հասել:

«Բարեբախտաբար, Հայաստանն ունի երկրորդ գազատարը Իրանից եւ երբ ավելի քան մեկ շաբաթ դադարել էր գազի մատակարարումը Ռուսաստանից, կարծում եմ, մեր սպառողները դա բոլորովին չզգացին՝ շնորհիվ ինչպես Իրանի հետ համագործակցության, այնպես էլ Աբովյանի ստորգետնյա գազապահեստի, որը նախորդ տարիներին ընդլայնվել է»,-ասել է Սիմոնյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:

Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի եւս մի քանի օր:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել  նշված ճանապարհից:

Փլուզման հետեւանքով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը: